Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասը`29,743 կմ² ։Հայաստանի Հանրապետությունն ունի 10 մարզ։ Համայնքների քանակը 502 է, այդ թվում`
քաղաքները` 49, որոնց մեջ է մտնում ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով։

Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ:

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ’ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Գտեք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան երկրների տեղը քարտեզի վրա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *